Եգիպտոսի Տանտա քաղաքում՝ Կահիրեից հյուսիս, դաժան բախումներ են տեղի ունեցել նոր նահանգապետի կողմնակիցների և հակառակորդների միջև. նահանգապետը «Մուսուլման եղբայրներ»-ի թեկնածուն է: Բախումների հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, նրանցից շատերը տեղափոխվել են հիվանդանոցներ:
Անկարգությունների պատճառը բողոքի ակցիան էր, որը հունիսի 18-ին կազմակերպել էին տեղի բնակիչները և ընդդիմադիր տրամադրված ակտիվիստները:
Նրանք շրջափակել են նահանգապետի գրասենյակը: «Մուսուլման եղբայրներ»-ի կողմնակիցները բազմիցս փորձել են ցրել ցուցարարներին, սակայն հանդիպել են դիմադրության: Միջամտել են ոստիկանության աշխատակիցները: Իրավապահ մարմիններն օդ են կրակել և փորձել են ցուցարարներին ցրել արցունքաբեր գազով: «Մուսուլման եղբայրներ»-ի ակտիվիստները մի քանի անգամ հարձակվել են ոստիկանների վրա:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ նահանգապետի հակառակորդները ավերել են Տանտայում իսլամիստների ներկայացուցչությունը: Նրանք քարեր և դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել շենքի վրա:








































