Մոնրեալի քաղաքապետ Մայքլ Էթլբոմը, որը մեղադրվում է խարդախության և կոռուպցիայի մեջ, հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Չի կարելի կատարել քաղաքապետի պարտականություններն ու միաժամանակ պաշտպանվել առաջադրված մեղադրանքներից»,- նշել է նա: Նրա խոսքով՝ այդ մեղադրանքները ոչ մի հիմք չունեն, և ինքն ամեն ինչ կանի՝ դա ապացուցելու համար: «Ես ոչ մեկից նույնիսկ մեկ պենի չեմ վերցրել»,- ասել է նա:
50-ամյա Էփլբոմը, որը որպես Մոնրեալի 42-րդ քաղաքապետ երդմնակալել էր անցած տարվա նոյեմբերին, ձերբակալվել էր երկուշաբթի առավոտյան՝ սեփական տանը, և տեղափոխվել Քվեբեկի ոստիկանության հակակոռուպցիոն բաժանմունք:
Այնտեղ նրա դեմ առաջադրվել է 14 կետից բաղկացած մեղադրանք, այդ թվում՝ խարդախություն, կոռուպցիա, վստահության չարաշահում, կառավարությանը խաբելու նպատակով հանցավոր դավադրություն: Դրանք բոլորը վերաբերում են 2006-2011թթ. իրականացված շինարարական երկու պայմանագրերին: Որոշումների ընդունման և թույլտվության տրամադրման գործերով զբաղվող պաշտոնյաները կաշառքներ են ստացել: Խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է:
Մոնրեալի քաղաքապետի նոր ընտրությունները կկայանան նոյեմբերին:











































