Լիբիական բանտերում իրավիճակը մնում է ճգնաժամային և խորանում է՝ կապված այն բանի հետ, որ բանտերի մոտ 1/3-ը գտնվում է հեղափոխական ջոկատների վերահսկողության ներքո: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Լիբիայի աջակցության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Տարեկ Միտրին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Պետությունը չի վերահսկում իրավիճակը: Բանտերի մոտ 1/3-ը գտնվում է հեղափոխական բրիգադների ձեռքում: Այնտեղ պայմանները սարսափելի են»,- ասել է նա:
Ավելի վաղ, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, Միտրին հայտնել էր, որ Լիբիայում 8000 բանտարկյալներից 7000-ը պահվում են առանց մեղադրանքների առաջադրման, իսկ իշխանությունների վերահսկողության ներքո նրանց գործերը փոխանցելու գործընթացը ընթանում է շատ դանդաղ:
Նա նշել է կտտանքների հետևանքով մահվան դեպքերի մասին: Երկրի ղեկավարության առջև ծառացած այլ մարտահրավերների թվում նա նշել է պետական սահմանների պաշտպանության խնդիրը: Ինչպես նախկինում, այդ սահմաններով ապօրինաբար ներմուծվում է մեծաքանակ զենք: Նա ճգնաժամային է համարել նաև պետական կառավարումը:









































