ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկում է ՎՊ 2012 թվականի հաշվետվությունն ուղարկել Գլխավոր դատախազություն, որն էլ քննարկումներից հետո դրա վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի հանրությանը: Առաջարկը նա հնչեցրեց այսօր կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստում:
Հովիկ Աբրահամյանը նաև հայտարարեց, որ ՀՀԿ-ն որևէ նախարարի, մարզպետի կամ այլ գերատեսչության ղեկավարի հետ պայմանավորվածություն չունի, որ վերջինս, նշանակումից հետո գնա ու հատուկ կերպով չարաշահումներով զբաղվի։ «Ես զարմանում եմ, որ որոշ մարդիկ համարձակություն են ունենում ՀՀԿ-ի մասին նման խոսակցություններ տարածել: Կոչ եմ անում ԱԺ ամբիոնը չօգտագործել հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու համար»,- ասաց ԱԺ խոսնակը:
Նրա խոսքերով՝ խորհրդարանը պետք է արբիտրի դեր կատարի ՎՊ-ի և կառավարության նկատմամբ: «Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի բոլոր չարաշահումները բացահայտվեն, և մեղավորները պատժվեն: Մենք անկեղծ ենք մեր ելույթներում և հայտարարություններում, և թող ոչ մի պաշտոնյա իր գործունեությամբ չփորձի ցեխ շպրտի ՀՀԿ հեղինակության վրա»,- ամփոփեց Հովիկ Աբրահամյանը:









































