Մենաշնորհը, ատկատը, ստվերում աշխատելն ու կոռուպցիան վերահսկվող երևույթներ են: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Վերահսկելի դաշտ ունենալու համար, գաղնիք չէ, որ անգամ առանձին պատգամավորներ են ընտրվում: Այս համակարգը որևէ մեկին թույլ չի տալիս ազատ աշխատել, այս համակարգն անգամ օլիգարխին է դարձնում սուսիկ-փուսիկ: Աշխարհում չկա որևէ գործարար, ով կցանկանա վաղը բանտում հայտնվելու ռիսկի տակ աշխատել: Այդ է պատճառը, որ նա պատրաստ է մի քանի անգամ քիչ վաստակել, քան վտանգել սեփական բիզնեսը: Իսկ բիզնեսը Հայաստանում պաշտպանված չէ»,- նշեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ ՀՆԱ-ի առյուծի բաժինը գտնվում է30 ընտանիքների ձեռքում:
Ամփոփելով՝ նա նկատեց, որ ամեն բան Հայաստանում լուծվում է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի կամքով: «Հո երեխա չեք: կարծում եք Գլխավոր դատախազությունը չգիտի՞ Վերահսկիչ պալատի բացահայտումների մասին: Շատ լավ էլ գիտի: Գլխավոր դատախազը գործեր կհարուցի նրա դեմ, ում անունը կտա Սերժ Սարգսյանը, կամ զրույցի կհրավիրի նրան, ում կասի Սերժ Սարգսյանը»,- ասաց խորհրդարանականը:







































