Սաուդյան Արաբիան առաջիկա ամսվա ընթացքում ծրագրում է արգելել WhatsApp-ը, եթե ամերիկյան ընկերությունը չհամաձայնի տեղի իրավապահ մարմիններին հասանելիություն տրամադրել իր սերվերներին:
Երկրի հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովի նախագահ Աբդուլլահ Ալ-Դարաբը հայտարարել է, որ իրենք վաղուց են բանակցություններ վարում WhatsApp-ի հետ, սակայն ընկերությունը դեռ հրաժարվում է կատարել պահանջները: Անցած շաբաթ Սաուդյան Արաբիան սկսել է ազգային ցանցերում արգելափակել Viber ընկերությանը պատկանող թրաֆիքը:
Հանձնաժողովի ներկայացուցիչը նաև նշել է, որ իրենք չեն սահմանափակվի միայն այդ երկու ընկերություններով և պատրաստ են զտումները շարունակել: Ակնարկները վերաբերել են նաև Skype-ին:
Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ չվերահսկվող շփումը նպաստում է ծայրահեղական գաղափարների, պոռնոֆիլմերի տարածմանը և թույլ տալիս հանցավոր խմբավորումներին համակարգելու իրենց ջանքերը:









































