Ֆրանսիացի լեգենդար ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը իր 70-ամյակի կապակցությամբ երկրպագուներին է նվիրել 2 խոշոր համերգ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Շաբաթ օրը երեկոյան երգիչը «Բերսի» սպորտային համալիրում ելույթ է ունեցել 20 հազարանոց լսարանի առջև, իսկ արդեն գիշերը նա ելույթ է ունեցել Փարիզի թատրոնում՝ ընկերների և երկրպագուների համար:
Հոլիդեյի երգացանկում կան 1000-ից ավելի երգեր: Լսարանի կողմից հատկապես ջերմորեն են ընդունվել այնպիսի հայտնի երգեր, ինչպիսիք են՝ Diego-ն և Sur ma vie ստեղծագործությունը, որը երգիչը կատարել է Շառլ Ազնավուրի հետ:
«Բերսի»-ոմ համերգը տեղի էր ունենում Փարիզի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:
Փարիզի թատրոնում տեղի ունեցած համերգը երգչի յուրօրինակ սիրո խոստովանություն էր դասական ռոք-ն-ռոլի հանդեպ: «Առաջինը, ով ինձ մոտ ցանկություն առաջացրեց երգել ռոք-ն-ռոլի ոճում, Էլվիսն էր»,- ասել է երգիչը:











































