Թուրքիայի արհմիությունների ամենաազդեցիկ միավորումներից մեկը՝ պետական ծառայողների դաշինքը, երկուշաբթի օրը խոստացել է գործադուլ սկսել՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության՝ այն բանից հետո, երբ վերջիններիս ճամբարը Գեզի այգում ցրվեց ոստիկանության կողմից:
«Մենք արդեն որոշում էինք ընդունել գործադուլ հայտարարել այն դեպքում, եթե ոստիկանությունն այգի մտնի»,- ասել է արհմիության ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ երկրում 11 տարբեր արհմիությունների 240 հազար աշխատավորներին միավորող կազմակերպությունն այսօր ավելի ուշ պաշտոնապես կհայտարարի երկուշաբթի օրը սկսվող համընդհանուր գործադուլի մասին:
Եվս մեկ արհմիությունների միավորում՝ բանվոր-հեղափոխականների արհիմությունների համադաշնությունը, ներկայումս արտահերթ նիստ է իրականացնում՝ որոշելու համար միանալ նախորդ արհմիությանը, թե ոչ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ոստիկանությունը ցուցարարներին ցրել է Գեզի այգուց և արգելափակել դեպի այգին տանող բոլոր ճանապարհները: Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուղուի խոսքերով՝ մի քանի տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել:









































