Գյումրու կենտրոնական որոշ հատվածներում և տարբեր ծայրամասերում դեռևս կիսականգուն տասնյակ վթարային բազմահարկերում ու նախկին գործարանային հանրակացարաններում կան պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքներ: Նրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք տարաբնույթ պատճառներով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, ապրում են ահավոր թշվառության ու հակահիգիենիկ պայմաններում: Նրանց շարքում մեծամասնություն են կազմում բազմազավակ ընտանիքները և միայնակ ծեր ու հիվանդ մարդիկ, որոնց գոյատևման միակ միջոցը սոցիալական նպաստն է:
Տեսանյութում ներկայացնում ենք Լենինականի նախկին հզոր գործարաններից մեկի հանրակացարանում իր չորս անչափահաս երեխաների հետ ապրող Լուսինե Կուտսուզյանի ընտանիքի ապրելակերպի մասին պատմող փոքրիկ դրվագներ՝ առանց մեկնաբանության: Համոզված ենք` առանց այդ էլ պարզ երևում է անտեսված թշվառության տխուր պատկերը։










































