Վրացի պատգամավորները գանգատվել են Քութայիսում կառուցված խորհրդարանի նոր շենքում չափազանց բարձր ջերմաստիճանից, որի պատճառով աշխատելը դժվար է դառնում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրին շենքում առաջացած պայմաններն անվանել է «անտանելի»: Նա նշել է, որ նման ջերմաստիճանի պայմաններում նույնիսկ ուղտերի համար դժվար կլիներ:
Ինչպես նշվում է, հունիսի 13-ի ցերեկը խորհրդարանի շենքի ծածկապատշգամբում գրանցվել է 53 աստիճան շոգ, իսկ մի քանի օր առաջ շենքի որոշ հատվածներում այն հասել է 67 աստիճանի:
Նշենք, որ նոր շենքի կառուցման աշխատանքներն իրականացվել են 2009-2012 թթ.: Շինարարության վրա ծախսվել է ավելի քան 200 մլն դոլար:
Երկրի արդարադատության նախարարությունը 2013-ի մայիսին հրապարակել է հաշվետվություն, համաձայն որի՝ խորհրդարանի նոր շենքի շինարարությունն իրականացվել է ֆինանսական խախտումներով և առանց անհրաժեշտ տեխնոլոգիական փորձաքննությունների:








































