Մերձավոր Արևելքի, Իրանի և Թուրքիայի հարցերով ամերիկացի փորձագետ Մայքլ Ռուբինը հարցազրույց է տվել ադրբեջանական «Թուրան» գործակալության ամերիկյան թղթակցին՝ կիսվելով տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ իր պատկերացումներով:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում և ինչպես դա կարող է անդրադառնալ Կավկասյան տարածաշրջանի վրա, փորձագետն ասել է, որ Գեզի պուրակում տեղի ունեցող իրադարձությունները միայն առիթ են: Պատճառը ժողովրդի դժգոհությունն է Էրդողանի աճող հեղինակությունից:
Ինչ վերաբերում է Կովկասի վրա հնարավոր ազդեցությանը, ապա այստեղ իրավիճակն արդեն բարդ է՝ կապված հարևան երկրների կողմից անկայունություններն իրենց նպատակին օգտագործելու հանգամանքի հետ:
Ըսր փորձագետի՝ առավել բարդ է իրավիճակը Հայաստանում: «Մինչ հայկական լոբբին ԱՄՆ-ում հիմնական ուշադրությունը կենտրոնացնում է 1915 թ. Ցեղասպանության ճանաչման վրա և աշխատում է Ադրբեջանի դեմ, Հայաստանի ներսում բնակչությունը տառապում է մաֆիոզական պետության ձեռքում, որտեղ արտասահմանյան ներդրումներ չկան: Իրավիճակն այնքան է վատացել, որ ողջ երիտասարդությունը հեռանում է. անկախություն ձեռք բերելուց հետո բնակչության մեկ երրորդը լքել է երկիրը»,- ասել է փորձագետը:
Ըստ նրա՝ աճում է անհանգստությունը նաև Վրաստանի ապագայի հետ կապված: Եթե այդ երկրի նոր իշխանություններն ընկնեն Մոսկվայի ազդեցության տակ, ապա Ռուսաստանը հետագայում կուժեղացնի իր ազդեցությունը նաև Ադրբեջանի վրա:
Ինչ վերաբերում է հենց Թուրքիային, ապա այդ երկրում ընդդիմությունն, ըստ Ռուբինի, այնքան էլ ուժեղ չէ և պառակտված է: Սակայն Գեզի պուրակի համար շարժումը կարող է թատերաբեմ բերել առաջնորդների նոր սերունդ:
Փորձագետը չի բացառում նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պառակտումը, մասնավորապես նախագահ Գյուլի և վարչապետ Էրդողանի միջև:
Գաղտնիք չէ, որ ոստիկանության և անվտանգության աշխատակիցների վրա մեծ է Ֆեթուլլահ Գյուլենի ազդեցությունը, որին անվանում են «խաղաղության մարդ»: Ըստ նրա՝ գյուլենականների և Էրդողանի կողմնակիցների միջև տարաձայնություններ կան, որոնք կարող են սրվել:
Խոսելով Ադրբեջանում մարդու իրավունքների մասին՝ Ռուբինը նշել է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի, Հյուսիսային Կորեայում մշտական ճգնաժամի, Եգիպտոսում և Հորդանանում անկայուն վիճակի և Չինաստանից մշտապես եկող սպառնալիքի ֆոնին դժվար է մեծ ուշադրություն հատկացնել Ադրբեջանին և նրա ընտրություններին:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի առաջադրմանը՝ Ռուբինն ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի պնդել Ադրբեջանում բարեփոխումների անհրաժեշտությունն՝ անկախ այն բանից, թե ով է նախագահը, սակայն հազիվ թե չափազանց մեծ ուշադրություն դարձվի Ադրբեջանին: Այն դեպքում երբ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտորեն ցանկանում է Վաշինգտոնից հավանություն ստանալ թեկնածուի հարցում, ԱՄՆ կառավարական շրջանակներում հասկանում են, որ Վաշինգտոնի և Բաքվի միջև գործընկերությունը պետք է պահպանվի՝ անկախ այն բանից, թե ով կդառնա ԱՄՆ-ի կամ Ադրբեջանի նախագահ:




































