Երեկ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակում ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելիս առնվազն երեք լրագրող է վիրավորվել:
«Մեզ գնալով ավելի շատ է մտահոգում վտանգավոր մթնոլորտը, որում լրագրողները լուսաբանում են Թուրքիայի ցույցերը»,- հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունը:
Կազմակերպությունը նշում է, որ հակակառավարական ցույցերի սկսվելուց երկու շաբաթ անց լրագրողները դարձել են բռնության և սպառնալիքների օբյեկտ ոստիկանության և պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Հայտարարության մեջ նշվում են թուրք և արտասահմանցի այն յոթ լրագրողների անունները, որոնց ոստիկանները թունավորել են արցունքաբեր գազով կամ վնասվածքներ են հասցրել: Չնայած ոստիկանությունը տեսել է, որ նրանք թղթակիցներ են, այնուամենայնիվ՝ դա նրանց չի կանգնեցրել:
Նշվում է նաև, որ չորս հեռուստաալիքներ, որոնք ուղիղ ռեպորտաժ են վարել Գեզի այգուց և Թաքսիմ հրապարակից, ենթարկվել են խոշոր տուգանքների՝ «երեխաների և դեռահասների, ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացմանը» վնաս հասցնելու համար: Թուրքիայի իշխանությունները նման գնահատական են տվել ցույցերի կադրերի հեռարձակմանը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հարգել խոսքի և արտահայտվելու ազատությունը և ապահովել այն լրագրողների անվտանգությունը, որոնք լուսաբանում են փողոցային ցույցերը:








































