Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Գեզի այգու պաշտպանների հետ հաջողությամբ է պսակվել՝ հօգուտ այգու ծառահատման դեմ բողոքի ցույցեր անցկացնողների: Այս մասին հայտնում է SalamNews-ը:
Ինչպես այսօր հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը, Գեզի այգու վերակառուցման հարցը Ստամբուլում ժողովրդական հանրաքվեի կդրվի:
Նրա կարծիքով՝ այդ առաջարկն արդեն պարտավորեցնում է ցուցարարներին հեռանալ Թաքսիմ հրապարակից և Գեզի այգուց: Քաղաքական գործչի խոսքերով՝ բողոքի ակցիաներն աշխարհին ի ցույց են դնում Թուրքիայի իշխող ուժերի ժողովրդավարությունը:
«Եթե Թուրքիայում բռնապետություն լիներ, ապա այդ ակցիաների անցկացումը հնարավոր չէր լինի: Եթե նույնիսկ դրանք անցկացվեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ»,- ասել է նա:
Ցուցարարները դադար են առել՝ որոշելու, թե ինչ անել Էրդողանի առաջարկած հանրաքվեի հարցով: Թուրքիան և ողջ աշխարհը սպասում են նրանց պատասխանին:







































