Պետք է պարզել՝ իրանական կողմը կարո՞ղ է Հայաստանին էժան գազ մատակարարել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ խոսելով տարածաշրջանային զարգացումների և հետընտրական Հայաստանի շուրջ:
Նա նշեց, որ սխալ է տպավորությունը, թե Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հանգիստ չէ: Իրականում, բանախոսի համոզմամբ, քաղաքական ակտիվությունը կենտրոնացած է ԱԺ-ում, որտեղ քննարկումներ են իրականացվում, օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացվում, բյուջեի, Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումներ: Իսկ ԱԺ-ից դուրս քաղաքական դաշտում պասիվությունը բանախոսը բնական է համարում, քանի որ աշունն ու գարունն ավելի ինտենսիվ են քաղաքական զարգացումների առումով: «ՕԵԿ-ն ԱԺ-ում ակտիվ գործում է, նախապատրաստել ենք մի շարք նախաձեռնություններ, մեր կարծիքով՝ շատ կարևոր, դեռևս կներկայացվեն շատերը: «Արմավիայի» վերաբերյալ լայն քննարկումներ ծավալվել են մեր հարցապնդման արդյունքում»,- ասաց Մհեր Շահգելդյանը:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նա ասաց, որ կցանկանար այն ներկայումս բնութագրել որպես զարգացման ու սպասումների տարածաշրջան: Թուրքիայում կան լուրջ ճեղքվածքներ, սա նշանակում է, որ հասարակությունը դառնում է ավելի բաց: Պետք է կարողանանք տեսնել այս հարևանի մոտ ինչ ներքին գործընթացներ են տեղի ունենում: Թուրքիայում խոսեցին նաև Ադրբեջանից: Ադրբեջանն ազատականացման հաջորդ թիրախներից մեկն է: Թուրքիայում ընթացող գործընթացներն ազդելու են տարածաշրջանի վրա, որովհետև հասարակությունն է դառնում ավելի բաց, որը պետք է դրական գնահատենք: Իրանին մենք նույնպես պետք է լրջորեն ուշադրություն դարձնենք: Վրաստանում որոշակիորեն լարվածությունը պահպանվում է, բայց ներքին, արտաքին քաղաքականության մեջ հակոտնյա կարծիքները շարունակում են մնալ»,- նշեց բանախոսը՝ շարունակելով, որ ՀՀ-ն այսօր առավել կայուն, խաղաղ վիճակում է գտնվում, և ՀՀ-ն պետք է կարողանա դրանից դիվիդենտներ քաղել: Նրա կարծիքով՝ արտաքին քաղաքականությունը պետք է վարել տարբեր ուղղություններով և բալանսավորված, որտեղ ՀՀ-ն պոտենցիալ ունի: Խոսելով Իրանից գազ ստանալու մասին՝ նա ասաց, որ Իրանի դեսպանը հայտարարեց, որ կարող են ավելի էժան գազ տալ, իսկ ՀՀ էներգետիկայի նախարարը հայտրարեց, թե ավելի էժան գազ ստանալ չենք կարողանում: «Իսկ ինչո՞ւ չենք կարող ավելի շատ ներկրել: Պետք է պարզել՝ իրանական կողմը կարող է էժան մատակարարել, և դա նորմալ է, կարելի է այդ ուղղությամբ մտածել: Ավելի վաղուց մենք կողմնակիցն էինք, որպեսզի ավելի լայն գազամուղ կառուցվեր։ Բայց հասկանանք գինը։ Ես կարծում եմ, որ շահագրգիռ պետք է լինենք, որպեսզի ավելի էժան ստանանք, որովհետև գազի գինը սոցիալ-տնտեսական հարց է»,- մեկնաբանեց Շահգելդյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի









































