BBC-ի թղթակից Ռուպերտ Ուինգֆիլդ-Հեյզը իրեն ուղեկցող նկարահանման խմբի հետ արտաքսվել է Հյուսիսային Կորեայից, հայտնում է BBC-ն: Պրոդյուսեր Մարիա Բիրնը Twitter-ի իր էջում հայտնել է, որ խումբը բարեհաջող վայրէջք է կատարել Պեկինում: Նա նաև հայտնել է, որ Փխենյանում աշխատում է BBC-ի ևս մեկ թիմ:
Խմբի անդամները Փխենյանում ձերբակալվել են այն ժամանակ, երբ պատրաստվել են երկրից մեկնելու: Ուինգֆիլդ-Հեյզին հարցաքննել են 8 ժամ, որից հետո ստիպել են արձանագրությունը ստորագրել: Ապա խմբին հասցրել են օդանավակայան:
BBC-ի թղթակից Սթիվեն Էվանսը, ով մինչև հիմա գտնվում է Փխենյանում, հայտնել է, որ երկրի ղեկավարությանը դուր չի եկել, թե ինչպես է խումբը լուսաբանում մայրաքաղաքի կյանքը` Կորեայի աշխատավորական կուսակցության համագումարի նախաշեմին: Այդ համագումարը իշխանությունները թույլատրել են լուսաբանել արտասահմանյան լրագրողներին:




































