«Եթե նախկինում մենք մտածում էինք, թե որպես հին կռված տղաներ գնում ենք դիրքերը՝ քաջալերելու համար մեր զինվորին, ապա հիմա զգացինք, որ իրենց քաջալերել պետք չէ. մենք տեսանք, թե չորսօրյա պատերազմի ժամանակ ինչ հակահարված տվեցին մեր տղաները: Այժմ արդեն մենք էինք ոգևորվում այսօրվա տղաների գործողություններից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԱՄ ղեկավար Ռուբեն Գևորգյանը:
«Պատերազմի հաջողությունը սովորաբար պայմանավորված է ժողովրդի ոգու հզորությամբ: Նախկին պատերազմներում մենք այդ ոգու շնորհիվ կարողացանք հաղթել թշնամուն: Բայց այս պատերազմը արդեն այլ է. սա զենքի պատերազմ է»,- նկատեց մեր զրուցակիցը
Անդրադառնալով թերացումներին՝ Ռ. Գևորգյանն ասաց. «Ես կարծում եմ՝ մենք թերացանք այն բանում, որ չզգացինք, թե թշնամին կարող է իր նենգությամբ պատահական հարված տալ: Եթե մենք կանխատեսեինք թշնամու հարձակումը, ինձ թվում է՝ մենք ավելի պատրաստ կլինեինք և ավելի հզոր հակահարված կտայինք»:
Ռուբեն Գևորգյանը մեր հաղթանակի հիմնական գրավականը համարում է ժողովրդի հավաքականությունը. «Մենք տեսանք, թե ինչ հզոր ժողովուրդ ունենք: Բոլորը մի բռունցք դարձած հավաքվեցին արյան, հայրենիքի գաղափարի շուրջը: Մեր ժողովրդի մեջ աշխատել է ազգ-զինվոր գաղափարը»:







































