ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել «Հըզբոլլահ» շարժման 4 ներկայացուցիչների նկատմամբ: Նրանք մեղադրվում են կազմակերպության ազդեցությունը Արևմտյան Աֆրիկայում տարածելու փորձերի մեջ՝ նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական համարվող շարժման ներկայացուցիչները Սերա Լեոնեում, Սենեգալում, Կոտ դ’ Իվուարում և Գամբիայում զբաղվում են միջոցներ և կողմնակիցներ հավաքագրելով՝ հաղորդում է Ria Novosti-ն:
«Քանի որ «Հըզբոլլահը» շարունակում է օգտագործել իր կողմնակիցների համաշխարհայինն ցանցը՝ Լիբանանի սահմաններից դուրս իր ազդեցությունը տարածելու համար, մենք ունեցած բոլոր միջոցներով այդ ջանքերը կչեզոքացնենք»,- հայտարարել է հակաահաբեկչության և ֆինանսական հետախուզության գծով ֆինանսների փոխնախարար Դևիդ Քոենը:
Պատժամիջոցներ են սահմանվել «Հըզբոլլահի» 4 ներկայացուցիչների՝ Ալի Իբրահիմ էլ-Վաթֆայի, Աբաս Լութֆե Ֆավազի, Ալի Ահմադ Կեհադեի և Նահիմ Նմեր Քանաֆերի նկատմամբ:
Ամերիկացիներին արգելվում է այդ անձանց հետ ցանկացած տեսակի գործարք, իսկ ԱՄՆ-ում գտնվող նրանց բոլոր ակտիվները կսառեցվեն:










































