Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական և լուրջ քայլ է արել Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից Գեզի այգու պաշտպաններին ընդառաջ: Նման կարծիք է հայտնել հայտնի թուրք ծաղրանկարիչ, դերասան, ռեժիսոր Հասան Քաչանը: Նա մտնում է հասարակական գործիչների պատվիրակության մեջ, որի հետ Էրդողանը համաձայնել է քննարկել երկրում տիրող իրավիճակը՝ կապված չդադարող բողոքի ակցիաների հետ:
Քաչանը հայտնել է, որ խոսքը Էրդողանի կողմից առաջարկված հանրաքվեի անցկացման մասին է:
Պատվիրակության մեկ այլ անդամ՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանի դոցենտ Իպեք Աքփընարը նշել է, որ Գեզի այգին անհրաժեշտ է թողնել նախկին տեսքով, ինչպես նաև դադարեցնել բռնությունն ու պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին:
Նա նշել է, որ պատվիրակության անդամները ոչ մեկի ներկայացուցիչները չեն և եկել են վարչապետի հետ հանդիպման որպես անհատ քաղաքացիներ:
Հասարակության մի մասը հակված է այդ խմբում տեսնել «Գեզի այգու բանակցորդի»: Այսօր ծրագրված է Էրդողանի հանդիպումը հայտնի թուրք դերասանուհի, հասարակական գործիչ Հյուլեյ Ավշարի հետ: Ինչպես նշում է ITAR-TASS-ը՝ նա մտադիր է պաշտպանել Գեզի այգու մարդկանց շահերը:
Ներկայում Թաքսիմ հրապարակում և հարակից այգում իրավիճակը խաղաղ է:







































