Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններից հետո դատական գործընթացում վկայություն կտա գործով, որով նրա դեմ խմբակային հայց են ներկայացրել գոյությունը դադարեցրած Trump University-ի ուսանողները՝ հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ գործարարին պատկանած Trump University-ը 35 հազար դոլարի մեքենայություններ է իրականացրել՝ խաբելով այնտեղ ուսուցում անցնող մի քանի հազար ուսանողների։ Այդ գումարներն ուսանողները վճարել են անշարժ գույքի հարցերով սեմինարներին մասնակցելու համար։
Սան Դիեգոյի դաշնային դատարանը լսումների օր է նշանակել 2016 թվականի նոյեմբերի 28-ը։ Այսպիսով՝ Թրամփը կարող է դատարանում հայտնվել արդեն որպես ԱՄՆ նախագահ։ Ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին։
Նշվում է, որ սա Trump University-ի գործով Թրամփի դեմ ներկայացված երեք հայցերից մեկն է, որում ուսանողները ենթարկվել են խաբեության։
Ուսումնական հաստատությունը գործել է առանց լիցենզիայի և առաջարկել հմտության կուրսեր՝ իբր անշարժ գույքի ոլորտում գործարքների հարցում հաջողության հասնելու համար։ Հայցվորները հաստատում են, որ օգտակար գիտելիքներ իրենք այդպես էլ չեն ստացել, փոխարենը մշտապես ենթարկվել են կեղծ դասավանդողների ճնշմանը՝ ևս մեկ կուրսի համար վճարելու նպատակով։










































