Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի և Օքսֆամի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում սոցիալական նպաստի համակարգից դուրս է մնացել ծայրահեղ աղքատների մոտ 56 տոկոսը, ծրագրերում ընդգրկվածների 44 տոկոսն աղքատ չեն:
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի նախագահ Մուշեղ Թումասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների բյուջեն բավարար է Հայաստանում աղքատությունը հաղթահարելու համար:
Ոլորտի պատասխանատու աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Կարինե Հարությունյանը չի հերքում՝ Հայաստանում մնում են ծայրահեղ աղքատ քաղաքացիներ, որոնք ընդգրկված չեն սոցիալական ապահովության ծրագրերում: Կարինե Հարությունյանը հավաստիացնում է՝ ծրագրերի հասցեականությունն ապահովելու համար հսկայական աշխատանք են կատարում:
Ուսումնասիրության մասնակիցների 11 տոկոսը կարծիք է հայտնել, որ սոցվճարների ոչ հասցեական բաշխման պատճառը կոռուպցիան է: Այս կապակցությամբ սոցապ փոխնախարարը նշում է, որ, ըստ վերահսկիչ պալատի ուսումնասիրության, նախարարությունն այժմ համագործակցության պլատֆորմ է ստեղծում ՀԿ-ների հետ՝ նրանց ներգրավելով ընտանիքների աղքատության գնահատման աշխատանքներում:
Ըստ Կարինե Հարությունյանի՝ մշակվում է որոշման մի նախագիծ, ըստ որի՝ արտերկիր աշխատանքի մեկնածների հարազատները չեն կարողանա ընդգրկվել սոցիալական ծրագրերում: Սա, սակայն, կարող է այլ խնդիր հարուցել, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ արտերկիր մեկնածը տարիներով ոչ մի օգնություն չի ուղարկում ընտանիքին:
Քննարկման մասնակից Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը կարծում է՝ առողջապահության ծրագրում ներգրավվում են սոցիալական ապահովության բալային համակարգի միջոցով, այլ կերպ ասած՝ իրենց նախարարությունն այդ հարցում էական դեր չունի:









































