Եգիպտացի մտավորականները պահանջում են երկրի մշակույթի նախարարի հրաժարականը՝ համարելով գերատեսչության ղեկավարին «Մուսուլման եղբայրներ» շարժման դրածո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Արմատական տրամադրություններով իսլամիստների և տեղի մշակույթի գործիչների միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել: Կահիրեում մտավորականներն արդեն մի քանի օր է՝ գործադուլ են անցկացնում՝ բողոքելով մշակույթի նախարարության շենքի մոտ:
Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ իսլամիստական կազմակերպությունների մի քանի տասնյակ անդամներ, որոնք եկել էին նախարարության շենքի մոտ՝ իրենց աջակցությունն արտահայտելու մշակույթի նախարար Ալի Աբդել Ազիզին, փորձել են հեռացնլ մշակույթի գործիչների տեղադրած ցուցապաստառները և ցրել նրանց ցույցը: Ոստիկանները ժամանակին են միջամտել նրանց հակամարտությանը։
Ցուցարարները դժգոհում են՝ ասելով, որ նոր նախարարը փորձում է եգիպտական բազմադարյան մշակույթը տեղավորել իսլամական բարոյականության շրջանակում: Բողոքի առիթ է դարձել նոր նախարարի կողմիցԿահիրեի օպերային թատրոնի տնօրենի հեռացումը :











































