Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ներկայացրել են իրենց վերջին գյուտը՝ անտեսանելի թիկնոցը, որը ստիպել է ակվարիումի ձկանն անհետանալ, անտեսանելի է դարձրել կատվի մի հատվածը, որը հայտնվել է թիկնոցի ազդեցության գոտում: Համացանցում հայտնված տեսանյութը ներկայացնում է անտեսանելի թիկնոցի ողջ զորությունը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Թիկնոցը ստեղծված է բարակ ապակե պանելների հիման վրա, որոնք օբյեկտներն անտեսանելի են դարձնում լույսի բեկման առանձնահատկության շնորհիվ: Չնայած սարքն առարկաները թաքցնում է միայն որոշակի անկյան տակ, այնուհանդերձ այն ավելի կատարելագործված է, քան անտեսանելի թիկնոցների նախորդ տարբերակները, որոնք աշխատել են միայն բևեռացված լույսով կամ միկրոալիքներով:
Գիտնականների կարծիքով՝ տեխոնոլոգիան հնարավոր կլինի կիրառել անվտանգության ոլորտում և գաղտնի տեսահսկման համար:
Առաջին անգամ անտեսանելի թիկնոցի տեխնոլոգիան մշակվել է 2006 թվականին՝ Լոնդոնի թագավորական քոլեջում:









































