1990թ. այս օրը Բեյրութում մահացավ արձակագիր, դրամատուրգ, քննադատ, հրապարակախոս ու մանկավարժ Մուշեղ Իշխանը (Ճենտերեճյան Մուշեղ Սրապիոնի):
Ծնվել է 1914թ. Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում (Թուրքիա, Անկարայի նահանգ): Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը):
1915թ. ընտանիքով աքսորվել է Դեյր-Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է, այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին` Բեյրութի Հայ ճեմարանը, 1938-1940թթ. հետևել է Բրյուսելի (Բելգիա) համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։
1941-1951թթ. խմբագրել է Բեյրութի «Ազդակ»-ը (օրաթերթ և շաբաթաթերթ)։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատել է մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը:
Մուշեղ Իշխանի ստեղծագործության ներքին ազդակը տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ՝ հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային և համամարդկային իդեալների կենսագործման։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ («Տուներու երգը», 1936, «Հայաստան», 1946, «Կյանք ու երազ»,1949, «Ոսկի աշուն», 1963, «Տառապանք», 1968 և այլ ժողովածուներ)։
Թատերախաղերը կառուցման սկզբունքով և մտածողության որակով նոր են՝ արդիական, արծարծում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալական և բարոյաբանական հարցեր («Մեռնիլը որքան դժվար է», 1971, «Սառնարանեն ելած մարդը», 1979, «Թատերախաղեր», 1980)։ Երևանում բեմադրվել են «Կիլիկիո արքան» (1989, «Նորք» երիտասարդ, թատրոն) և «Մեռնիլը որքան դժվար է» (1992, ՊՀԹ) պիեսները։








































