Այս տարի արդեն վեցերորդ անգամ Բյուրականի աստղադիտարանը կընդունի աշխարհի մի շարք երկրներից ժամանած գիտնականների՝ անցկացնելու մասնագիտական գիտաժողով: «Առաջին լրատվական»-ը զրուցեց գիտաժողովի կազմակերպիչ, աստղագետ, Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի հետ:
Նա մեզ տեղեկացրեց, որ այս տարի գիտաժողովին մասնակցելու համար հայտագրվել է 148 մասնակից՝ աշխարհի 32 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Հոլանդիայից, Ավստրալիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից և այլն: Երկրների մասնակցության թվով այս գիտաժողովը ռեկորդային գիտական միջոցառում է. «Սովորաբար գիտաժողովները հրավիրվում են, որպեսզի ամփոփվեն վերջին տարիների արդյունքները, նույն բնագավառի մասնագետները հավաքվում են, քննարկումներ են անում, մեկը մյուսի աշխատանքին են ծանոթանում, և նախանշվում է հետագա տարիների աշխատանքը, ինչու չէ՝ նաև շատ լավ դպրոց է հանդիսանում երիտասարդ գիտնականների համար, ովքեր հնարավորություն են ունենում շփվել հայտնի գիտնականների հետ, իրենց հետագա գործի, առաջընթացի համար»,- խոսելով գիտաժողովի նպատակի մասին՝ ասաց պրն Միքայելյանը:
Նա հավելեց, որ քննարկվելու են տարբեր նախագծեր ու թեմաներ, լինելու են կլոր սեղաններ: Այն հարցին, թե ինչու է գիտաժողովի համար ընտրվել հենց Բյուրականը, պարոն Միքայելյանն ասաց, որ դա ընտրում է Միջազգային աստղագիտական միությունը. որ երկիրը համապատասխանում է չափանիշներին, այն երկրում էլ անցկացվում է. «Ընդամենը 6-7 վայր կա աշխարհում, որտեղ անցկացվում են գիտաժողովներ: Դրանցից են Փարիզը, Հռոմը, Պեկինը, Պրահան, Ռիո դե Ժանեյրոն և դրանց կողքին Բյուրականը, որը քաղաք չէ, ընդամենը փոքր գյուղ է: Սա մեզ համար լուրջ նվաճում է: Ճիշտ է, աստղադիտարանում շինության հետ կապված և այլ խնդիրներ կան, սակայն այն ճանաչված միջազգային աստղադիտական կենտրոն է»:
Նշենք, որ գիտաժողովն անցկացվելու է օգոստոսին և կտևի 5 օր։ Այն նվիրված է հայազգի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100 ամյակին:









































