Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Քիլիս նահանգը դարձյալ հարձակման է ենթարկվել հարևան Սիրիայի այն տարածքից, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ:
Հաղորդվում է, որ առավոտյան ժամը 07:50-ին երեք հրթիռ է արձակվել Քիլիսի վրա: Վնասվել են մեծ թվով ավտոմեքենաներ, կոտրվել են տների ապակիներ, տարածաշրջանում առաջացել է նոր խուճապ: Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է 3 մարդ, որոնցից 2-ը ոստիկաններ են:
Վերջին շրջանում Քիլիսը պարբերաբար հարձակման է ենթարկվում Սիրիայում ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներից:













































