ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունում «հիստերիա է տիրում» ԱՄՆ-ի բջջային օպերատորների օգտատերերի հեռախոսազրույցները գաղտնալսելու և տեղի հատուկ ծառայությունների կողմից խոշոր սոցիալական ցանցերի հանդեպ հասանելիություն ունենալու մասին տվյալների արտահոսքից հետո:
ԱՄՆ հատուկ ծառայությունները ցնցված են Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ծրագրերի բացահայտումից: Այս մասին է վկայում տեղի մամուլի արձագանքը Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տեխնիկական մասնագետ Էդուարդ Սնոուդենի հայտարարությանը, ով պայմանագրով աշխատել է Booz Allen Hamilton ընկերության հետ ԱԱԳ հետախուզական կենտրոնում:
Հիշեցնենք, որ Սնոուդենը հայտարարել էր, թե սկզբունքային պատկերացումներից ելնելով՝ ինքը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի թերթերին տեղեկատվություն է տրամադրել ԱՄՆ իշխանությունների կողմից իրականացված տեխնիկական լրտեսության վերաբերյալ:
«Գործակալությունում իսկական հիստերիա է տիրում»,- The Daily Beast պարբերականին հաղորդել է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցներից մեկը՝ նկարագրելով իրավիճակն ԱԱԳ-ում:
Պարբերականի տվյալներով՝ Սնոուդենի հանկարծակի անհետացումն աննկատ չի մնացել ԱԱԳ-ում: Գործակալության անվտանգության ծառայությունը նախկին մատակարարին փնտրել է նախքան Սնոոուդենի խոստովանելը՝ համարելով նրան «արտահոսքի» ամենահավանական մեղավորներից մեկը:
«ԱՄՆ-ի հետախուզության համար Չինաստանի կողմից գաղտնի հետախուզական տեղեկատվություն ստանալը՝ Սնոուդենի միջոցով, կդառնա ռազմավարական նշանակության հետախուզական ձախողում»,- գրում է The Washington Post-ը:
Չինաստանի մասին հիշատակումը կապված է այն բանի հետ, որ Սնոուդենն իր սենսացիոն հայտարարությունն արել է Հոնկոնգում:
Հիշեցնենք, որ Սնոուդենը լքել է Հոնկոնգի հյուրանոցը երկուշաբթի օրը: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ:







































