Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Պետդեպում, Քերին ծրագրում է քննարկել իրավիճակը Սիրիայում, մասնավորապես՝ շարունակվող ջանքերը՝ ուղղված երկրի ողջ տարածքով մեկ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի հաստատմանը, մարդասիրական օգնության մատակարարմանը, ինչպես նաև Սիրիայում քաղաքական անցման աջակցմանը։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո բանակցություններ կանցկացնի Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրի հետ։ Այս մասին հայտնել է RIA Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզիին։
Պետքարտուղարը Ժնև է ժամանել երեկ երեկոյան և արդեն հանդիպումներ ունեցել Հորդանանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ։ Հանդիպումներում Քերին մասնավորապես նշել է առաջընթացը ըմբռնում ձեռք բերելու հարցում առ այն, թե ինչպես վերականգնել Սիրիայում համապարփակ հրադադարը, այդ թվում՝ Հալեպում։










































