ԱՄՆ-ում մայիսմեկյան ցույցերը քաղաքական բնույթ են ձեռք բերել. հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Լոս Անջելեսի փողոցներ՝ ներգաղթյալների ու աշխատավորների իրավունքների պահպանման պահանջով՝ իրենց բողոքն արտահայտելով Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփի նախընտրական հռետորաբանության դեմ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գլխավոր մայիսմեկյան գործողությունը ծավալվել է Կալիֆոռնիայում։ Ցույցերի մասնակիցները, որոնց մեծամասնությունը եղել են լատինաամերիկացիներ և մեքսիկացիներ, ձեռքերին պարզել են «Թափել Թրամփին» (բառախաղ՝ Dump Trump) կոչերով պաստառներ, միգրացիոն բարեփոխումների անցկացման և արտաքսումներից հրաժարվելու կարգախոսներ։
Քաղաքային ոստիկանության փոխանցմամբ՝ ցույցը կրել է խաղաղ բնույթ, ձերբակալությունների անհրաժեշտություն չի առաջացել։










































