ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ուրբաթ և շաբաթ օրերին Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ առողջարանային գոտում բանակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում կքննարկվեն տնտեսությանը, քաղաքականությանը ու կիբերանվտանգությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:
Ոչ պաշտոնական հանդիպման գաղափարը առաջարկել է ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Թոմաս Դոնիլոնը:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ Վաշինգտոնը մտադիր է նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընդհանուր փոխակերպմանը և այդ առնչությամբ ազդել Չինաստանի՝ որպես խոշորագույն խաղացողի քաղաքականության վրա:
Երկկողմ հարաբերությունների միջև անհանգստություն է առաջացնում կիբերանվտանգության հարցը: ԱՄՆ-ը բազմիցս մեղադրել է Չինաստանին նրա տարածքից ամերիկյան ենթակառուցվածքների վրա իրականացվող ցանցահենային հարձակումների, մտավոր սեփականության, արդյունաբերական և ռազմական գաղտնիքների գողության մեջ: Չինաստանում հայտարարում են, որ երկիրն անձամբ ցանցահենների հարձակումերի զոհն է:









































