Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին Իրանի ու Ադրբեջանի սահմանին երկաթուղային կամրջի կառուցման հիմնարկեքի ժամանակ հայտարարել է, որ «Ղազվին-Ռեշտ-Աստարա» երկաթուղու ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները 92 տոկոսով ավարտվել են, իսկ բուն երկաթուղու կառուցումը կավարտվի մինչև տարեվերջ:
Իրանցի նախարարը հայտնել է, որ արդեն իսկ գնվել են այդ նախագծի համար անհրաժեշտ ռելսերը, որը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասնիկն է. «Այս ֆիսկալ տարում Իրանի կառավարությունը մեծացրել է նախագծի բյուջեն: Ներկայումս Իրանը Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ բանակցում է «Ռեշտ-Աստարա» նախագծի այդ հատվածի կառուցման համագործակցության շուրջ:
Այդ նախագիծը, որը Հնդկաստանը կկապի Ֆինլանդիայի հետ, երկրներին կօգնի փոխադրել տարեկան տասնյակ միլիոնավոր տոննա բեռներ»:










































