Սիրիական ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն պառակտվել է երկու մասի, նրանք չեն կարողանում պայմանավորվել միջսիրիական բանակցություններին մասնակցության հարցում: Այս մասին RIA Novosti-ին ասել է Բանակցությունների բարձրագույն կոմիտեի պատվիրակությանը մոտ աղբյուրը:
Նա նաև նշել է, որ կոմիտեի չափավոր մասը պատրաստ է գնալ փոխզիջման և աշխատել «Մոկվա-Կահիրե» խմբի հետ:
«Բանակցությունների բարձրագույն կոմիտեում այժմ ակնհայտորեն պառակտում կա: Մի կողմը համարում է, որ բանակցություններն անիմաստ են, ցանկանում է վերադառնալ և ճնշում գործադրել՝ երկրում իրավիճակը փոխելու համար: Մյուս մասը պատրաստ է գնալ փոխզիջման և նույնիսկ իշխանությունները կիսել, այդ թվում՝ «Մոկվա-Կահիրե» խմբի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ «երկու կողմերն էլ համամիտ են, որ (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադը պետք է հեռանա, և որ պետք է մարդասիրական հասանելիություն ապահովվի, շրջափակումը պետք է հանվի, իսկ ձերբակալվածները՝ ազատ արձակվեն»:









































