Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը նավթի օրական արտահանման ծավալը մեծացրել է 1.1 միլիոն բարելով այն բանից հետո, երբ այս տարվա հունվարին ուժի մեջ մտավ Թեհրանի ու միջազգային միջնորդների միջև համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Նրա խոսքով՝ պատժամիջոցների ժամանակ իրանական նավթի արտահանումը կրճատվել է մինչև մեկ միլիոն բարել, սակայն Իրանը ներկայումս կարողացել է իր դիրքերը վերականգնել շուկայում՝ շնորհիվ միջուկային գործարքի:
Ռուհանին ընդգծել է, որ ներկայում Իրանն օրական արտահանում է ավելի քան երկու միլիոն բարել: Խոսելով միջուկային ոլորտում Իրանի ձեռքբերումների մասին՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը ներկայումս հարստացված ուրանի ու ծանր ջրի կարևոր վաճառող է համաշխարհային շուկայում:
Ռուհանին ընդգծել է, որ միջուկային գործարքը հաստատված է երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեի, խորհրդարանի ու Ազգային անվտանգության խորհրդի կողմից, և եկել է ժամանակը, որ Իրանը օգտագործի միջուկային գործարքի հնարավորությունները:







































