Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խաղաղության և անվտանգության, ի վերջո՝ հիմնախնդրի լուծման միակ գրավականը ոչ թե բանակցային գործընթացի ինչ-որ հանգուցալուծումն է, այլ այդ խաղաղությունը հակառակորդին պարտադրելը, զենքը ձեռքից բաց չթողնելը՝ կարծում է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:
Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսեց քառօրյա պատերազմի և սկսված դիվանագիտական գործընթացի, մասնավորապես՝ Ռուսաստանի վերջին նախաձեռնությունների մասին՝ շեշտելով, որ հնարավոր չէ հայկական կողմին պարտադրել ինչ-որ զիջումներ, քանի դեռ մեր ձեռքին զենք կա:
«Մեր ուժն այսօր զենքի տիրապետման մեջ է, և այս անկանխատեսելի աշխարհում հայ զինվորը դարձել է խաղաղության սուբյեկտ: Նա թքած ունի, թե ինչ որոշումներ կկայացնեն ինչ-որ տերեր օտարերկրյա մայրաքաղաքներում: Այսօր շատ դժվար է սահմանին կանգնած զինվորին ասել՝ Լավրովը առաջարկ է արել, մենք պիտի համաձայնվենք… Ի՞նչ փոխզիջման մասին կարող է խոսք լինել, եթե մարդիկ են այնտեղ ապրում, սահմանները գծված են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունն ընդունված է, և այդ ազատագրված տարածքներն էլ հայ մարդն է տիրապետում, օգտագործում, տնօրինում: Սա է հարցի լուծումը»,- նշեց վերլուծաբանը:
– Պարոն Սարոյան, ինչո՞վ եք բացատրում Ռուսաստանի դիվանագիտական ակտիվությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, մասնավորապես՝ ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի կայացված պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ, այնուհետև Լավրովի հայտարարությունը, Պուտինի նախաձեռնությունը, որով նախատեսվում է առաջիկայում ինտենսիվ բանակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ընդհանուր առմամբ՝ Ձեզ համար պա՞րզ է, թե ի՞նչ գործընթաց է գնում դիվանագիտական ճակատում:
– Չի կարելի միանշանակ պնդել, թե պարզ է ոչ միայն ինձ համար, այլև ընդհանրապես քաղաքական գործընթացները շատ անկանխատեսելի են, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը շատ մեծ բեռ է վերցրել իր ուսերին: Կարելի է մտածել, որ այդ բեռը մտածված և սուբյեկտային գործընթացի արգասիք է, այսինքն՝ նախկինում ծրագրված է և հիմա գնում է բանակցային գործընթացի ուղիով, սակայն չպետք է նաև բացառել մյուս տարբերակը, որ միջնորդական այդ առաքելությունը, որ իր վրա վերցրեց Ռուսաստանը՝ պարտադրելով զինադադար կողմերին, իր հերթին շատ մեծ բեռ է հետագայում բանակցային գործընթացը տրամաբանական ինչ-որ հանգրվանի բերելու համար: Այսինքն՝ մի կողմից Մինսկի խմբի ձևաչափը, մյուս կողմից՝ Ռուսաստանի այս ինքնուրույն դերակատարությունը արդեն ինչ-որ հակասությունների տեղիք են տալիս: Ամեն դեպքում, Ռուսաստանը մի մեծ պարտավորություն է իր վրա վերցրել, հիմա պետք է առաջ տանի գործընթացը:
Կարող ենք մտածել, որ կար նախապես ծրագրավորված ինչ-որ քաղաքականություն՝ պատերազմ, զինադադար, հիմա էլ՝ բանակցությունների ժամանակ պարտադրվող լուծումներ, որոնք ձեռնտու են Ռուսաստանին, բայց չպետք է մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս ընդհանուր անկանխատեսելիությունը, որ կա ընդհանուր ռազմաքաղաքական գործընթացի, պատերազմական իրավիճակում, լուրջ շտրիխներ է մտցնում: Միգուցե Ռուսաստանը երբեք էլ չկարողանա իր նախագծած ծրագրի հունով տանել գործընթացը:
– Այսինքն՝ չե՞ք բացառում, որ կոնկրետ սցենար կա, որի մի մասն են կազմում այս քայլերը:
– Չեմ բացառում, որ սցենար կա, կան որոշ բաղադրիչներ, որոնք վկայում են դրա մասին: Բայց ես նաև ուզում եմ ասել այն, որ անգամ եթե հստակ ծրագիր լինի, այդ ծրագիրը շատ անկանխատեսելի է, քանի որ աշխարհում պատերազմներն են անկանխատեսելի, ռազմական ուժի կիրառումն է անկանխատեսելի: Մեր ուժն այսօր զենքի տիրապետման, քաղաքական սուբյեկտների զինվածության մեջ է: Այսպես ասեմ՝ զինվորն է դարձել քաղաքական սուբյեկտ: Մի բան է, երբ քաղաքական գործիչները կարող են հեռու լինել պատերազմից և սուբյեկտային ինչ-որ տարրերից, բայց մեկ այլ բան է, երբ պատերազմում երկու բանակներ են իրար դեմ կանգնած և թքած ունեն, թե ինչ կորոշեն ինչ-որ տերեր օտարերկրյա մայրաքաղաքներում: Եվ սա է, որ այսօր ինչ-որ առումով մեր օգտին է, ի օգուտ այն հանրության, որն ինքն է ուզում լուծել իր խնդիրները, ոչ թե ի կատար ածել ուրիշների ծրագրավորածը:
– Այդ առումով հիմնական անհանգստությունն այսօր այն է, որ Հայաստանին կարող են պարտադրել ինչ-որ զիջումներ: Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպումից հետո այս քննարկումներն ավելի ակտիվացան:
– Շնորհակալ եմ հարցի համար, որովհետև հենց դրան պիտի գայինք, և հենց դա եմ ուզում ասել, որ կարող են լինել հազար ու մի պարտադրանքներ: Քանի մեր ձեռքին զենք կա և քանի դեռ այդ գիտակցումը կա, կարելի է դրանք չեզոքացնել: Մեր զինվորները շատ լավ հասկանում են, որ այդ զինադադարը եղավ այն պահին, երբ չպիտի լիներ, մե՛ր համար չպիտի լիներ: Փաստ է, որ քառօրյա պատերազմի վերջին երկու օրերին ինչ-որ ջարդեր տվել էինք, ինչ-որ դիրքեր հետ էինք վերցրել, և այդ պահին մեզ կանգնեցնելը արդեն իսկ ցույց է տալիս, որ քո շահերը նսեմացվել են: Իսկ հիմա շատ դժվար է այդ նույն հայ զինվորին ասել, որ ազատագրված հողերը, որ 20 տարի մեր ձեռքում են եղել, պետք է հետ վերադարձնենք: Քաղաքական դաշտում, ասենք՝ Երևանում, կարելի է կուսակցություններին այդպիսի մտքի բերել, որ մենք պահպանում ենք Լեռնային Ղարաբաղը, դրա դիմաց պետք է ինչ-որ զիջում լինի, բայց դա չես կարող ասել այն զինվորին, որը վստահ է իր ուժերի վրա և գիտի, թե ինչ կարող է անել, գիտի, որ այդ բոլոր թեզերը փոխզիջումների մասին կեղծիք են:
Ուզում եմ նաև, որ մեր հանրությունը շատ լավ հասկանա՝ սուբյեկտայնության առաջին բաղադրիչը հենց զենքն է: Եթե ժողովուրդը հասկանա, որ ինքը պետք է զինվի և զինված լինի, ո՛չ արտաքին, ո՛չ ներքին թշնամին իրեն ոչինչ չի կարող անել: Այստեղ կարող են շահարկումներ անել տեղական կամ դրսի ինչ-ինչ շրջանակներ, որոնք իրենց շահերն են սպասարկում, բայց կապ չունեն պետական շահերի հետ:
– Այսինքն՝ Ձեր կարծիքով, խաղաղության ապահովման հիմնական գրավականը այդ պարտադրանքն է, ոչ թե բանակցային գործընթացը կամ սպասելիքները բանակցային գործընթացից:
– Բանակցային գործընթացից որևէ սպասելիք պետք էլ չի ունենալ: Այո՛, պարտադրանքով է ամեն ինչ արվում: 1994 թ. զինադադարը ռազմական ուժի պարտադրանքով է տեղի ունեցել: Բոլոր այն կարծիքները, փաստարկները, որոնք այլ բան են ասում՝ կեղծիքներ են: Եթե հայ զինվորը կանգնած չլինի սահմանին, կկատարվի այն, ինչ եղավ 1920, 1921-ին: Այնպես որ, այստեղ նորություն չկա, ամեն ինչ մեր աչքի առաջ է եղել, նույն «Կոլցո» օպերացիան… Հազար ու մի բան կարող ենք հիմա հիշել 1989, 90, 91 թթ. տեղի ունեցած իրադարձություններից, մինչև հանրությունը հասկացավ, որ չի կարելի զենքը ձեռքից բաց թողնել: Ժողովրդական խոսք կա՝ «շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ վայր մի գցիր»: Այստեղ է, որ որևէ մեկը որևէ բան չի կարող անել, երբ այդ փայտը քո ձեռքին է, բայց միաժամանակ փայտի կիրառման գիտակցումն ունես, որովհետև ներսում էլ միավորներ կան, որոնք, նախ, չունեն այդ գիտակցումը, հետն էլ հակառակ բաների մասին են խոսում. «ռեալ պոլիտիկից» են խոսում, աշխարհում ինչ-որ դրվածքներից և այլն, և այլն: Հաջողությունների միակ գրավականը սեփական գիտակցության բարձր մակարդակն է, գիտակցումն է, թե ինչ կարելի է անել և ինչպես կարելի է անել, և այդ փայտը ձեռքից բաց չթողնելը:
– Ի վերջո, գոյություն ունի՞ «Լավրովի պլանը» կամ «Լավրովի փաստաթուղթը»: Ռուսական մամուլը կրկին գրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ռուսաստանի տարբերակի մասին: Երկրորդ՝ ինչո՞ւ է Բաքուն ամեն անգամ այդքան գոհունակությամբ խոսում Ռուսաստանի դիվանագիտական նախաձեռնությունների մասին:
– Ինչ վերաբերում է Լավրովի ծրագրին, ապա կարգավորման ընդհանուր կոնցեպտ Ռուսաստանը հաստատ պետք է ունենա, բայց առայժմ որևէ մեկը այդպիսի տեղեկատվության չի տիրապետում, թե թղթային ի՞նչ տեսքի է դա բերված և կողմերին ինչպե՞ս է առաջարկված: Եթե իսկապես եղել է, շատ նեղ շրջանակ է տիրապետում նման ինֆորմացիայի: Բայց իմ ասածն այն է, որ պետք չի դրան շատ մեծ ուշադրություն դարձնել: Երբ ուշադրություն ես դարձնում քո գիտակցությանը և մահակին, դրանք արդեն երկրորդական են դառնում: Այսօր շատ դժվար է սահմանին կանգնած զինվորին ասել՝ Լավրովը առաջարկ է արել, մենք պիտի համաձայնվենք, որովհետև, գիտեք, բանակցություններով են այդ հարցերը լուծվում, առանց փոխզիջման որևէ խնդիր չի լինում և այլն, և այլն: Մենք տեսել ենք, որ զինադադարը կնքելուց 22 տարի անց խնդիրը լուծված է եղել: Ի՞նչ փոխզիջման մասին կարող է խոսք լինել, եթե մարդիկ են այնտեղ ապրում, սահմանները գծված են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունն ընդունված է, և այդ ազատագրված տարածքներն էլ հայ մարդն է տիրապետում, օգտագործում, տնօրինում: Սա է հարցի լուծումը: Մնացած վախերը պետք չէ տարածել ժողովրդի վրա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններին. Ադրբեջանն անում է այն, ինչ պահանջում են իր պետական շահերը կամ ալիևյան կլանի շահերը: Ինչո՞վ ենք մենք դրան նայում: Ունե՞նք ուժ, գիտակցում, ոգեղենություն: Եթե ունենք, ուրեմն հարցերը լուծված են ու կլուծվեն: Որ օրը դրանք չունեցանք, մեր փոխարեն ուրիշները կլուծեն:











































