Ամերիկյան Դելեվեր Սթեյի համալսարանի բասկետբոլի թիմում հանդես եկող Արտյոմ Թավաքալյանը հունիսին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին և կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում Թավաքալյանը սկզբում պատմել է, թե ինչպես է ընթանում գործերն ԱՄՆ-ում:
«Մրցաշրջանն այնքան էլ հաջող չընթացավ, որքան որ ցանկալի էր, քանի որ շատ նորեկներ ունեինք: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում կարող ենք ավելի լավ հանդես գալ: Այդպիսի զգացողություններ ուներ նաև թիմը: Այս մրցաշրջանը լավ փորձ էր մեզ համար»:
Արտյոմ Թավաքալյանը նախորդ տարի հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ այս տարի հույս ունի հաջող ելույթ ունենալ ազգային թիմի կազմում:
«Սպասում եմ, որ հաջող ենք հանդես գալու Եվրոպայում: Թե՛ թիմային, թե՛ անհատական արդյունքները կարող են լավը լինել, քանի որ մարզչական լավ շտաբ է աշխատելու մեզ հետ: Կարծում եմ՝ առաջին տեղում հայտնվելու լավ հնարավորություններ ունենք:
Հայաստանի հավաքականի ներուժը գնալով մեծանում է, քանի որ վերջին տարիներին ԱՄՆ-ում հանդես եկող հայ բասկետբոլիստների թիվն աճում է, իսկ մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում բասկետբոլի զարգացման լավագույն ծրագիրն է գործում: Հայկական բասկետբոլով հետաքրքրվողների թիվը զգալիորեն մեծացել է»,- ասել է Թավաքալյանը:







































