«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ազգի կորիզը իր որակական նիշը չի կորցրել, այսինքն՝ ազգային ոգու, հաղթական ոգու դրսևորումը, որը և բերել էր մեր երկրի անկախությանը և նոր պատմական փուլի մեջ մտնելու հանգամանքին, ինչպես նաև նոր սահմանագծի կերտմանը, այդ նույն ոգին նույն դրսևորումներով ի հայտ եկավ այս մի քանի օրերի ընթացքում»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց երաժիշտ Վահան Արծրունին:
«Ես առաջին հերթին նկատի ունեմ «հին տղերքի»- ի հայտ գալը հանրային կյանքում՝ որպես հավաքական ուժ, և իրենց հայտնվելը այն տեղում, որտեղ կերտվում է երկրի ապագան»,- նշեց երաժիշտը` հավելելով, որ այն որակը, որ հիմա պահում է սահմանը, որոշ ժամանակ անց պետք է կերտի նոր իրականություն՝ ներքաղաքական և հասարակական:
Հնգօրյա պատերազմից հետո, Վահան Արծրունու դիտարկմամբ, նոր գործընթաց է սկսվել, նոր իրողությունների առաջ ենք կանգնած, և ձևափոխվում է ամեն ինչ. «Նախագահը ասում է, որ եթե իրավիճակը շարունակվի, մենք կընդունենք Ղարաբաղի անկախությունը, սա նշանակում է ներքին քաղաքանության նոր վեկտորի բացահայտում, որը բերեց նաև որոշակի հստակ փոփոխությունների միջազգային մակարդակներում»:
Վահան Արծրունու դիտարկմամբ՝ մեր երկիրը սկսել է գործոն դառնալ որոշակի գործողություններում. «Դա տեսնում ենք նաև պետությունների մակարդակով. հսկայական նոր իրողությունների շղթա կա, որի համաձայն՝ գլոբալ առումով ապագան պետք է իր ձևաչափը փոխի, և ես տեսնում եմ, որ արդեն փոփոխվում է»:
Հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով՝ Վահան Արծրունին նշեց, որ քաղաքականության մեջ չկա ընկերություն, չկա բարեկամություն, քաղաքականության մեջ կա հստակ նպատակների բախման գործընթաց և այդ նպատակներին հասնելու որոշակի միջոցների կիրառում:
«Մենք հասկացանք, որ այն լծակները, որ օգտագործում էինք թեկուզ ստատուս քվոն պահպանելու համար, այլևս չեն աշխատում, և հասկացանք, որ մեր որոշումները, առաջին հերթին արտաքին քաղաքականության մեջ, պետք է կայացնենք՝ ելնելով նոր իրավիճակից»,- նշեց Վահան Արծրունին՝ հավելելով, որ մենք պետք է թելադրենք նոր քաղաքական իրավիճակ՝ թեկուզ դիմելով քաղաքական շանտաժի:
Մանրամասները՝ տեսանյութում:







































