Անկարա նահանգի Գելբաշի շրջանի դատարանը հաստատել է երկրի տարածքում մի շարք կայքերի, այդ թվում՝ ռուսական Sputnik գործակալության հասանելիությունն արգելափակելու մասին Թուրքիայի հեռահաղորդակցությունների և կապի վարչության որոշումը: Այս մասին այսօր հայտնել է Anadolu գործակալությունը:
Գործակալության տեղեկությամբ՝ բացի Sputnik կայքից՝ փակվել է Dicle լրատվական գործակալության կայքը, ինչպես նաև մի շարք բլոգներ Twitter-ում: Գերատեսչությանը համապատասխան պահանջով դիմել է Թուրքիայի կառավարությանը կից անվտանգության հարցերով գլխավոր վարչությունը:
Վարչության ներկայացուցիչները պնդում են, որ Twitter-ի և նշված կայքերի ադմինիստրատորները չեն ջնջում գրառումները, որոնցում, իբր, ահաբեկչության պրոպագանդա է պարունակվում, ինչպես նաև, իբր, հանցավորությունը և բռնությունը խրախուսող տեքստեր, ինչը, ըստ գերատեսչության, սպառնալիք է հասարակական կարգի և ազգային անվտանգության համար:
Թուրքական Գելբաշիի դատարանը վճռել է, որ «տվյալ պահանջը տեղին է և ուղղված քաղաքացիների կյանքի, ունեցվածքի և անվտանգության, ինչպես նաև ազգային անվտանգության, հասարակական կարգի և հանցավորության կանխման պաշտպանությանը»:









































