Հայաստանի ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի պաշտպանության և անվտանգության կոմիտի համատեղ նիստում այդպես էլ հնարավոր չի եղել կոնսենսուսի գալ և համատեղ հայտարարություն ընդունել:
Երեկ ամբողջ օրը հայ պատգամավորները իրենց ռուս գործընկերներին մեղադրում էին Ադրբեջանին զենք վաճառելու, ՀԱՊԿ-ի գծով իրենց դաշնակից Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ: Հայ պատգամավորները տարբեր օրինակներ են ներկայացրել, որպեսզի ապացուցեն, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամաբ անարդար է և չի համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային ոգուն: Մասնավորապես՝ հայ պատգամավորները հարցրել են, թե ինչպես Ռուսաստանը իրեն կզգար, եթե Հայաստանը զենք վաճառեր Ուկրաինային, որտեղ իշխանությունները պատժիչ գործողություններ են իրականացնում Դոնբասի և Լուգանսկի անջատողական ուժերի դեմ:

Հայ պատգամավորները բացատրել են, որ ռուսական զենքից զոհված զինծառայողների ընտանիքները, այլևս չեն կարող Ռուսաստանը դիտարկել որպես բարեկամ երկիր, և Ռուսաստանի ու Հայաստանի անկեղծ բարեկամության նկատմամբ կասկածներն ու անվստահությունը ավելի խորն են արմատանում հանրային գիտակցության մեջ:
Հայ պատգամավորները հայտարարել են, որ Ռուսաստանը գոնե այժմ պետք է հայտարարի, որ հրաժարվում է Ադրբեջանին զենքի վաճառքից, և ոչ թե Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինի բերանով հայտարարի, որ զենքի վաճառքը ինչպես եղել, այնպես էլ շարունակվելու է: Հայ պատգամավորները Ռոգոզինի վրա նույնիսկ մի օրինակ են բերել՝ ասելով, թե շատ համով ճաշի մեջ ընկած մի ճանճն անգամ կարող է փչացնել այդ ամբողջ աման ճաշը և այն դարձնել թափելու բան:
Հայ պատգամավորները հերթական անգամ օրինակ են բերել ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք լինելով աշխարհում զենքի խոշոր մատակարարներ՝ հրաժարվել են Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառել, քանի որ լինելով խաղաղության գաղափարի կողմնակիցներ՝ հասկանում են, որ զենքի գնումները և սպառազինությունների մրցավազքը չի կարող նպաստել խաղաղությանը, այլ ընդհակառակը՝ բերելու է նոր պատերազմի:
Մեր պատգամավորներին թվացել է, որ եթե իրենք ռուսներին շատ հայտնի ճշմարտություններ բացատրեն, և նրանք չկարողանան պատասխանել իրենց հարցադրումներին, ապա հնարավոր կլինի նրանց ստիպել ստորագրել մի հայտարարություն, որը լինելով իր ազդեցությամբ «ճ» կլասի՝ գոնե սրտհովանք կլինի ռուսական այս համերաշխ անտարբերության մթնոլորտում: Բայց հայ պատգամավորների բոլոր հույսերն անկատար են մնացել, որովհետև ռուսները հրաժարվել են որևէ հայտարարություն ստորագրելուց: Հայ պատգամավորների ամբողջ մի օր տևած աշխատանքը ջուրն է ընկել:
Այս բոլոր մեղադրանքներն և բողոքները ռուս պատգամավորները թողել են անպատասխան: ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Չեկալինը կրկնել է նույն բացատրությունն այն մասին, որ եթե Ռուսաստանը զենք չմատակարարեր, ապա դա կաներ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր, և այդ զենքը կլիներ ավելի մահաբեր (ռուսական զենքը ավելի հումանիստական է): Չեկալինը հայտարարել է, որ զենքը ինքն իրեն չի կրակում, այն կրակում է մարդը, և իրենք պետք է աշխատեն քաղաքական գործիչների հետ, որ այն այլևս չկրակի: Փաստորեն միչև հիմա աշխատում էին, որ այն կրակի:
Այս բոլոր բացատրությունները նոր չեն և հնչում են ոչ առաջին բերանից: Բայց հայ պատգամավորները ցանկացել են, որ այսքանից հետո իրենց ռուս գործընկերները գոնե մեր օգտին մի հայտարարություն ընդունեն, որպեսզի ցույց տան, որ Ռուսաստանը վերջնականապես չի լքել Հայաստանին, որպեսզի եթե գոնե ոչ պետության, ապա գոնե խորհրդարանական մակարդակով երևա, որ Ռուսաստանը աջակցում է մեզ:
Հայ խորհրդարանականները պատրաստել են համատեղ հայտարարության նախագիծ, որի մեջ ընդամենը եղել է մի միտք, որ դատապարտվում է Ադրբեջանի նախահարձակ գործողությունը: Ռուս խորհրդարանականները չեն ստորագրել այդ հայտարարությունը՝ ասելով, որ իրենց ժամանակ է պետք այն քննարկելու համար:
Ռուս պատգամավորները այդ տեքստը իրենց ձեռքի տակ ունեցել են ոչ երեկ և ոչ էլ մյուս օրը: Եթե նրանք ինչ-որ առաջարկություններ ունեին այդ տեքստի հետ կապված, կարող էին նախօրոք ներկայացնել, առաջարկել ինչ-որ ձևակերպումներ փոխել կամ ավելացնել: Բայց նրանք ուղղակի հրաժարվել են համատեղ հայտարարություն ընդունելուց, քանի որ չեն ցանկացել նեղացնել Ադրբեջանին, իրենց ռազմավարական գործընկերոջը:
Ռուսները Ադրբեջանի վրա փող են աշխատում, և հայ-ադրբեջանական հակամարտությունը նրանց օդ ու ջրի պես պետք է հնարավորինս շատ զենք վաճառելու համար: Ապրիլին տեղի ունեցած ընդհարումը օգնելու է, որ Ռուսաստանը ավելի շատ զենք վաճառի Ադրբեջանին, այդ զենքի վաճառքից կոնկրետ մարդիկ, շատ կոնկրետ եկամուտ ստանան: Ռուսաստանը ամենաքիչն է շահագրգռված այս հակամարտության կարգավորմամբ, բայց Ռուսաստանին պետք չէ կողմերից մեկի հաղթանակը, քանի որ այդ դեպքում զենքի վաճառքը կդադարի, այլ պետք է հակամարտության հնարավորինս շարունակությունը: Այնպես որ, սպասել, որ Ռուսաստանի պատգամավորները կարող են իրենց երկրի և բարձրաստիճան պաշտոնյաների բիզնես շահերին հակասող գործողություններ կամ հայտարարություններ անել՝ իհարկե անիմաստ է: Անիմաստ է մի ամբողջ օր քննադատել Ռուսաստանին, միայն նրա համար, որ այդ երկիրն առաջնորդվում է իր շահերով, որոնք հակասում են մեր շահերին:










































