Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար ու ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը երեկ հանդիպել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վոլքան Բոզքըրն անդրադարձել է Թուրքիայի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած նոր զեկույցին, որում, ինչպես նախորդ տարվա զեկույցում, կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Թուրքիայի պատմության մեջ չկա ամոթալի որևէ պահ: Մեր բոլոր արխիվները բաց են: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է այս թեման թողնել պատմաբաններին: Քաղաքական գործիչները չպետք է պատմություն գրեն: Պատմական դեպքերի վերաբերյալ չպետք է ընդունվեն քաղաքական որոշումներ»,- ասել է նա:
Բոզքըրը հավելել է, որ Եվրոպական խորհրդարանի ընդունած նոր զեկույցը արժանանալու է նախորդ տարվա նրա զեկույցի ճակատագրին. «Նախորդ տարվա զեկույցը վերադարձրինք՝ 1915 թվականի դեպքերի հիշատակման համար: Մենք այն համարեցինք ոչ էական ու վերադարձրինք:
Դժբախտաբար, այս տարի նույնպես Եվրոպական խորհրդարանը նույն հիշատակումն արել է Թուրքիայի մասին նոր զեկույցում: Չնայած մեր գործադրած ողջ ջանքերին, ողջ զգուշացումներին՝ անհնար եղավ այդ թեման չհիշատակելը:
Այդ պատճառով էլ մենք անվավեր ենք համարելու զեկույցը և մեր մշտական ներկայացուցիչն այն կվերադարձնի Եվրոպական խորհրդարանին»:










































