Քլինթոնն ու Սանդերսը կողմ են արտահայտվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերի մասնաբաժինների ավելացմանը։ Որպես Ռուսաստանի զսպման միջոց՝ ՆԱՏՕ-ի պահպանման օգտին է հանդես եկել ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում հեռուստադեբատների ժամանակ։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է Եվրոպայում Ռուսաստանի ավելի ագրեսիվ գործողությունների, Բալթյան պետությունների հանդեպ Ռուսաստանի կողմից սպառնալիքի, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի պայմաններում։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Հարցին՝ նա ի՞նչ կձեռնարկեր, եթե ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները չհամաձայնեն ավելի մեծ ռազմական ծախսերի մասնաբաժին ստանձնել, Քլինթոնը հայտարարել է, որ միևնույն է՝ կպահպաներ անդամակցությունը ՆԱՏՕ-ում։ «Մենք կշարունակենք այն ծրագրերի որոնումը, որոնց կաջակցեն դաշնակիցները»,- ասել է նա՝ նշելով ՆԱՏՕ-ի արդիականացման և այն ХХI դարի դաշինքի վերածելու անհրաժեշտությունը։
Իր հերթին նրա մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը, նույնպես կողմ է արտահայտվել, որ դաշինքի շրջանակում ԱՄՆ-ի դաշնակիցները ռազմական ծախսերի ավելի մեծ մասնաբաժին ստանձնեն՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի շրջանակում ծախսերի 75 տոկոսն ընկնում է ԱՄՆ-ի վրա։











































