Իշխանությունների ներքին քաղաքականությունը քննադատող և տևական ժամանակ Հայաստանում իշխանափոխություն պահանջող «Ազատամարտիկների դաշինքը» ևս առաջնագծում է՝ հյուսիսային շրջանում։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դաշինքի անդամ Սմբատ Հակոբյանն ընդգծեց, որ իրենք իրենց պատրաստակամությունն ու կամավոր լինելու ցանկությունը հայտնել են պաշտպանության նախարարությանը: «Մենք ինքներս այսօր մեր կամավորական ընկերներով, ազատամարտիկներով մտել ենք պաշտպանության նախարարության հրամանատարության տակ: Թվով 300-ն անցել ենք, մեր բոլոր ուժերը տրամադրել ենք, մենք պատրաստ ենք պատվով կատարել մեր առջև դրված ցանկացած առաջադրանք»,- ասաց Հակոբյանը։
Խոսելով իրավիճակի և հարաբերական հրադադարի մասին՝ ազատամարտիկն ասաց. «Լարվածությունը շարունակվում է, կրակոցները ինտենսիվ չեն, խոշոր տրամաչափի զենքեր չեն օգտագործվում, հարաբերական հրադադար է։
Մեր հետախուզությունը տվյալներն անընդհատ փոխանցում է, իրենք շատ լուրջ ուժ են ցույց տալիս, բայց այնպես չէ, որ մենք այդ ուժը ցույց չենք տալիս: Մեր զինվորի, մեր զինված ուժերի, պաշտպանության բանակի կազմը շատ լավ տեսնում են և գիտեն՝ ինչ ուժ ունենք»։
Սմբատ Հակոբյանը հավելում է. «Եթե այսօր թշնամու պետության ներսում մոբիլիզացիա է հայտարարված, բռնի ուժով մարդկանց ավտոբուսներից կամ կայարաններից լցնում են ավտոբուս, բերում սահման, ապա «մեր ժողովրդից մի հրաշալի բան ենք տեսնում՝ ինքնակամ են գալիս»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին, Հակոբյանը նկատում է՝ ժամանակին պետք է մտածեինք, բայց հիմա էլ այնպես չէ, որ բալանսը խիստ խախտված է: «Այն, որ մենք արդիական զինտեխնիկա ունենք՝ փաստ է, այնպես չէ, որ Ադրբեջանը շատ մեծ առավելություններ ունի: Որոշ զինատեսակներ կան, որ ՀՀ-ն չունի, բայց ունենք որոշ զինատեսակներ, որ ադրբեջանական կողմը չունի։ Այստեղ ավելի կարևոր է զինվորի ու հրամկազմի հոգեբանությունը, որը ցանկացած տեսակի պատերազմի պատրաստ է, ցանկացած ոտնձգության պատրաստ է: Ամենակարևոր բանը մենք կարողացել ենք անել»,- ասաց ազատամարտիկը:









































