Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանն ապրիլի 14-ին կհրապարակի ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը։ Նա մեղադրվում է 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ՝ հայտնում է TASS գործակալությունը։ «Դատարանն ապրիլի 14-ին կհրապարակի այդ գործով դատավճիռը»,-ասել է դատավորը:
Այսօր ավելի վաղ կողմերի դատական վիճաբանությունների ընթացքում դատախազը խնդրել է Հայրապետյանի նկատմամբ պատիժ նշանակել ընդհանուր ռեժիմի գաղութում յոթ տարվա ազատազրկման տեսքով, ինչպես նաև նրանից 20.8 մլն ռուբլի գանձել հօգուտ տուժածների:
Լևոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով («Խարդախություն»): Հետաքննության վարկածով՝ նա փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու համար: Սակայն նա դատավճռի վրա իրապես ազդել չէր կարող:
Իզմեստևը ցմահ բանտարկության է դատապարտվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար:
Հայրապետյանն իր մեղքը չի ընդունում:
Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո:








































