BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ աստղագետները հաստատել են այն մոլորակների գոյությունը, որոնց մթնոլորտը քայքայվել է նրանց շուրջը պտտվող աստղերի կողմից։ Մոլորակները չափազանց մոտ են գտնվում ուղեծրի լուսատուին և մշտական ռմբակոծությունների ենթարկվում ճառագայթման հզոր հոսքով։
Գիտնականների միջազգային թիմը կարծիք է հայտնել, որ հենց այդ հոսքն էլ քայքայում է մթնոլորտի արտաքին շերտերը։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications պարբերականում։
Հետազոտողներն օգտագործել են Կեպլերի աստղադիտակով ստացված տվյալները, որը դուրս է բերվել ուղեծիր՝ էկզոմոլորակների (մյուս աստղերի շուրջ պտտվող երկնային մարմինների) հետազոտության համար։
Հստակեցնելով աստղի բնույթը՝ գիտնականները կարողացել են նաև հստակեցնել նրանց շուրջը պտտվող էկզոմոլորակների ստույգ չափերը։ Ընդգծվում է, որ հետազոտության արդյունքներն ունեն մեծ նշանակություն՝ հասկանալու համար, թե ինչ էվոլյուցիա են ապրում մոլորակային համակարգերը, այդ թվում նաև՝ Արեգակնայինը, ինչպես նաև հասկանալ այդ գործընթացում աստղերի դերը։









































