«Մենք մտածում ենք, որ առավել ևս նման պահերին մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչները՝ մասնավորապես երկրի նախագահները պետք է կարողանան իրենց ամբողջ ներուժը համատեղել, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշումներ ունենալ և ճիշտ լուծումներ տալ խնդրի կարգավորմանը»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս կայացած հանդիպմանը:
Նրա հավաստմամբ՝ զրույցը հիմնականում ծավալվել է ԼՂ հակամարտության խնդրի շուրջ:
Հարցին՝ ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, թե ոչ և արդյո՞ք ճիշտ չի լինի չմասնակցելը, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ նախ պետք է կարողանանք հաշվարկել, թե մասնակցելուց ինչ ենք շահելու և չմասնակցելուց՝ ինչ. «Ինձ թվում է, որ մենք ավելի շատ բարեկամներ պետք է փնտրենք և իրավիճակ հարթենք: Հաղորդագրություն կտարածվի, վարչապետն ինքը կհայտարարի՝ կմասնակցի, թե ոչ»:
«Մեր թշնամին անկանխատեսելի է և ոչ վստահելի,- անդրադառնալով հրադադարին՝ նշեց Վ. Բաղդասարյանը,- այս ամեն ինչը հարաբերական է, և ԼՂ ՊԲ-ն զգոն է, առավել ևս այս հարաբերական անդորրի ժամանակ մենք ավելի ենք ամրացնում մեր դիրքերը և ավելի զգույշ ենք, որ նորից հանկարծակիի չգանք: Թե ինչքան կտևի հրադադարը, Վ. Բաղդասարյանի խոսքով՝ դժվար է ասել, քանի որ «բազմիցս ականատես ենք եղել մեր թշնամու խոսքի և գործի հակասությանը»:
Վահրամ Բաղդասարյանի հավաստմամբ՝ մեր երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի ամբողջ ուշադրությունը սևեռված է բանակի տեխնիկայի վերազինման ուղղությամբ: «Հարկավոր է զուսպ լինենք. թանկարժեք կոստյումի փոխարեն կարող ենք ավելի էժանը հագնել, ավելի էժանագին մեքենաներ ունենալ: Այս իրավիճակը դաս եղավ, որ այն բազմաթիվ օգնություններն ու բարեգործությունները, որ կատարվում են, պետք է ամբողջությամբ ուղղվեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































