Հայտնի անձինք միշտ ակտիվորեն մասնակցում են ԱՄՆ նախագահի այս կամ այն թեկնածուի օգտին քարոզչությանը՝ հայտնում է TASS-ը: Սակայն առաջիկա ընտրություններից առաջ Հոլիվուդը բաժանվել է ոչ այնքան հանրապետականների և դեմոկրատների, որքան Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Հիլարի Քլինթոնի և Բեռնի Սանդերսի կողմնակիցների և ընդդիմադիրների: Միաժամանակ, հայտնի դեմքերը, ինչպես երևում է, ավելի շատ աջակցում են ԱՄՆ նախկին պետքարտուղարին:
Այսպես, դերասանուհի և գրող Լինա Դանեմը հունվարին գնացել է Այովա նահանգ փրայմերիզի՝ ընտրողներին անձամբ խնդրելու քվեարկել Քլինթոնի օգտին: Քլինթոնին աջակցում են նաև մոդել Քենդալ Ջենները, երգչուհի Քեթի Փերին, կատակերգու դերասանուհի Էմի Շումերը, դերասան Թոբի Մագուայրը:
ԱՄՆ նախկին պետքարտուղարը հայտնի է իր «կոկտեյլային երեկույթներով», որոնց ժամանակ ներկա հայտնիներն օգնում են միջոցներ հավաքել նրա նախընտրական հիմնադրամի համար: Մի քանի օր անց իրենց տանն այդպիսի ընդունելություն կկազմակերպեն Ջորջ և Ամալ Քլունիները: Քլունին նշում է, որ իր երեկույթին, բացի Քլինթոնից, ներկա կլինեն նաև ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, երգչուհի Քեյթ Քեփշոուն և այլ հայտնիներ: Հոկտեմբերին այդպիսի միջոցառում կկազմակերպի մոդելավորող Վեռա Վոնգը, որին կմիանան Vogue ամսագրի ամերիկյան հրատարակության գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, պրոդյուսեր, Miramax Films կինոստուդիայի համահիմնադիր Հարվի Վայնշթեյնը, հաղորդավար և գրող Մարթա Ստյուարտը, նորաձևության ապրանքանիշի հիմնադիր Մայքլ Քորսը:
Քլինթոնի հիմնական մրցակից՝ Վերմոնտ նահանգից սենատոր Սանդերսին աջակցում են դերասանուհի Սյուզան Սարանդոնը, ռեժիսոր Ֆիշեր Սթիվենսը, դերասանուհի Գաբի Հոֆմանը, կինոռեժիսոր և դերասան Սփայք Լին, ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, կատակերգու դերասանուհի Սառա Սիլվերմանը, դերասաններ Դենի դե Վիտոն, Մարկ Ռուֆալոն:
Հանրապետականների դեպքում աստղային աջակիցներն ավելի քիչ են: Միլիարդատեր Դոնալդ Թրամփին աջակցում են բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, դերասան Չառլի Շինը, Գերի Բյուզին, երգչուհի և պոռնոդերասանուհի Թիլա Տեկիլան: Օհայո նահանգի ղեկավար Ջոն Քեյսիքին աջակցում են կատակերգու Թիմ Ալենը, Առնոլդ Շվարցենեգերը: Տեխաս նահանգից սենատոր Թեդ Քրուզին աջակցում է դերասան Ֆիլ Ռոբերթսոնը:










































