Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկն ամենամեծ ջեքփոթն է շահել ազգային վիճակախաղի պատմության մեջ. այն կազմում է 35.1 մլն ֆունտ ստեռլինգ: Այս մասին հայտնում է The Guardian թերթը:
«Այդ գումարը կարող է հիրավի փոխել մարդու կյանքը»,-ասել է խաղարկության ներկայացուցիչը: Մեծ Բրիտանիայի ազգային վիճակախաղի հաղթողի անունը հայտնի չէ: Նշվում է, որ 35 մարդ, որոնք ջեքփոթի համար անհրաժեշտ վեց թվից գուշակել են հինգական թիվ, ստացել են 1.9 հազարական ֆունտ ստեռլինգ: Դրամական մրցանակը խաղարկվել է ապրիլի 6-ի գիշերը:
Բրիտանական ազգային վիճակախաղը հիմնել է վարչապետ Ջոն Մեյջորը 1994 թվականին: Այն ֆինանսավորվում է պետության և Մեն կղզու կողմից: Դրամական մրցանակները չեն հարկվում և վճարվում են միանվագ։










































