Վիսկոնսին նահանգում անցկացված փրայմերիզում դեմոկրատներից հաղթել է Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սադերսը։ CBS News-ի փոխանցմամբ՝ նա ստացել է 53 տոկոս ձայն ընդդեմ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հավաքած 46 տոկոս ձայնի։
Հանրապետականների շարքում հաղթել է Տեխասից սենատոր Թեդ Քրուզը։ Նա ստացել է 53 տոկոս ձայն՝ առաջ անցնելով գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփից։ Թրամփի օգտին ստացվել է 30 տոկոս ձայն։
Ապրիլի 5-ի դրությամբ՝ դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածուի ֆավորիտ է մնում Հիլարի Քլինթոնը։ Նա կարող է ամռանը կայանալիք ազգային համագումարում ակնկալել 1738 պատվիրակի ձայն, մինչդեռ Սանդերսը՝ 1048։ Առաջադրման համար պետք է հավաքել 2383 ձայն։
Հանրապետականների շարքում առաջատարը Թրամփն է։ Նա կարող է ակնկալել 737 պատվիրակի ձայն, մինչդեռ Քրուզը՝ 494, Քեյսիքը՝ 143։ Առաջադրման համար անհրաժեշտ է հավաքել 1237 ձայն։
Հուլիսին ԱՄՆ երկու հիմնական կուսակցությունները կանցկացնեն Ազգային համագումարներ, որոնց ժամանակ թեկնածուներ կընտրեն։ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 8-ին։











































