Ուկրաինայի արևելքում հակամարտության երկու տարիները հանգեցրել են այն բանին, որ 1.5 մլն ուկրաինացիներ բախվել են սովի սպառնալիքի։ Նրանցից 300 հազարը սննդամթերքի սուր սղության մեջ են և հրատապ օգնության կարիք ունեն՝ հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը։
«Բռնության, հրաձգությունների, վախի մթնոլորտում կյանքի 2 տարիներն անջնջելի հետք են թողել Ուկրաինայի արևելքում հազարավոր մարդկանց կյանքերի վրա»,- հայտարարել է Ուկրաինայում ՄԱԿ-ի պարենամթերքի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Ջանկառլո Ստոպոնին։
Սննդամթերքի ամենալուրջ սղությունը զգում են Ուկրաինայի կառավարության վերահսկողության տակ չգտնվող Լուգանսկի մարզի շրջանների և «հակամարտության գծի» երկայնքի բնակավայրերի բնակիչները։
Կազմակերպությունում հակամարտող բոլոր կողմերին կոչ են անում կարիքի մեջ հայտնված մարդկանց համար ապահովել անարգել մարդասիրական հասանելիություն։








































