Բելառուսի ԱԳՆ-ը հերքել է այդ երկրի կողմից ԼՂ հակամարտության կողմերից մեկին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին առանձին ԶԼՄ-ների հայտարարությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Բելառուսը ռազմական օգնություն է ցուցաբերում, մասնավորապես՝ զենք է մատակարարում Ադրբեջանին:
«Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ներում հնչած՝ կողմերից մեկին Բելառուսի կողմից ռազմական օգնություն ցուցաբերելու մասին հայտարարություններին, ապա դրանք բացարձակ շշուկներ են, որոնք ոչ մի հիմք չունեն»,- ասվում է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկի՝ երկուշաբթի տարածած հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ Բելառուսը «միշտ պատրաստ է աջակցել բանակցային սեղանի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանը»: «Ռազմական լուծման կամ ռազմական օգնության մասին խոսք անգամ լինել չի կարող»,- հայտարարել է Միրոնչիկը:
Բելառուսի ԱԳՆ-ում «նախկինի պես համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և միայն միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին համապատասխան»:







































