Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտմանը և ռազմական բախումների նախաձեռնությանը՝ ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիների գործողություններն արկածախնդրություն են:
Նրա կարծիքով՝ այդ գործողությունները կապված են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ՝ ուշադրության կենտրոնը այս կողմ տեղափոխելու, որպեսզի թուրքերն ավելի ազատ լինեն իրենց երկրի ներսում քրդերի դեմ գործողություններ իրականացնելու հարցում: Սա կապված է նաև Ադրբեջանում այսօր տնտեսական վատացող վիճակի, դրանից ուշադրությունը ցրելու հետ. այսինքն՝ այստեղ կա շահերի համընկնում՝ քաղաքական և տնտեսական պատճառներով:
Իրավիճակի սրացումը, ըստ ռազմական փորձագետի, պայմանավորված է նաև միջազգային կառույցների ոչ ճիշտ արձագանքների հետ, որովհետև միշտ հավասարության նշան են դրել, և նախաձեռնող կողմը դրանից չի սաստվել:
Արթուր Եզիազարյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի մտադրությունը ձախողվել է. «Հենց միայն այն, որ կասեցվեցին նրանց գործողությունները և ստանում են համապատասխան հակահարված, սա արդեն վկայում է, որ երկար չի տևի»:
Ռազմական փորձագետը խորհուրդ է տալիս, որ անկախ քաղաքական հայացքներից ու դիրքորոշումից, անկախ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ հետևենք միայն պաշտոնական լրատվությանը. «Այս պահին միակ աղբյուրը պետք է լինի պաշտոնական հաղորդագրությունը, որովհետև բազմաթիվ ապատեղեկատվական լուրեր են շրջանառվում: Պատերազմը միայն ռազմաճակատը չէ, նաև տեղեկատվական տիրույթում է»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































