ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հանդիպմանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև պայքարի միջոցներն ընդդեմ ահաբեկիչների՝ ներառյալ ԴԱԻՇ-ն ու PKK-ն։
Վաշինգտոնն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչում PKK-ն, սակայն այդպիսին չի համարում Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող քրդական զինված խմբավորումներին։ Անկարան Սիրիայի քրդերին մեղադրում է Թուրքիայում վերջին մի քանի ահաբեկչություններին մասնակցություն ունենալու մեջ։
«Երկու առաջնորդները խոստացել են խորացնել համագործակցությունը ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարում՝ ներառալ PKK-ի։ Փոխնախագահ Բայդենն ու նախագահ Էրդողանը նաև կրկին հաստատել են ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակի ընդհանուր նպատակը և քննարկել ԴԱԻՇ-ի հակազդման գլոբալ կոալիցիայի շրջանակում փոխգործակցության ուժեղացման ուղիները»,- ասվում է հաղորդագրությունում։
Բացի այդ, կողմերը քննարկել են ջանքերը՝ ուղղված Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման ձեռք բերմանն ու աջակցություն հայտնել երկրում հրադադարի ռեժիմին։
Հանդիպման ընթացքում Բայդենը հաստատել է անսասան հանձնառությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը։








































